«ԻՄ ՍԵՐ, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

2018թ․ հոկտեմբերի 19-ին Վանաձորի առաջնորդանիստ Սրբ․ Գր․ Նարեկացի եկեղեցու դահլիճում ՄԱԿ-ի օրվան (հոկտեմբերի 24) ընդառաջ բացվեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ-լուսանկարիչ Սամվել Սևադայի և նրա ուսանողների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։   Ցուցահանդեսը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) հայաստանյան գրասենյակը Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) և ՀԿ Կենտրոնի Ինֆոտուն ծրագրի հետ համագործակցությամբ։

      Ցուցահանդեսի բացմանը նախորդեց Լոռու մարզի տարբեր համայնքներից թվով 120 աշակերտների մասնակցությամբ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների թեմայով սեմինար-քննարկումը։ ՄԱԿ-ի ՀՏՎ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը երեխաներին ներկայացրեց ՄԱԿ-ի ստեղծման պատմությունը, կառուցվածքը, գործունեությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հիմնական ձեռքբերումները։ Ցուցադրվեցին թեմատիկ երկու ֆիլմեր՝ նվիրված Կայուն զարգացման տարբեր նպատակներին։  ՄԱԿ-ի ՀՏՎ աշխատակից Օֆելյա Սուքիասյանը երեխաների հետ անցկացրեց խաղ-մրցույթ, նվիրված Կայուն զարգացման նպատակներին։ Բոլոր երեխաներին սեմինարի վերջում հանձնվեցին նվերներ՝ պայուսակներ և գրքեր։

   Ցուցահանդեսի բացման սկզբում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանն իր օրհնության և խաղաղության խոսքը հղեց ներկաներին և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նախօրեին վախճանված պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուրերի հիշատակը և հոգեհանգստի աղոթք արտասանեց նրա հիշատակին։ 

   ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը ողջույնի խոսք հղեց և շնորհավորեց վարպետին ու նրա սաներին՝ նշելով, որ սաների մոտ առկա է վարպետի ձեռագիրը։

   Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը շնորհավորեց Սամվել Սևադային և ուսանողներին և նշեց, որ նրանք իրենց համատեղ աշխատանքով նույնպես ցույց տվեցին, որ Հայաստանը սիրո ու համերաշխության մթնոլորտում է գտնվում։

   Տիկին Հալաջյանը իր ելույթում ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպման նախապատմությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի օրակարգային հարցերից է երիտասարդությանն առաջին պլան մղելը։

   Գեղանկարիչ Արամ Նազարյանը ջերմորեն շնորհավորեց իր արվեստագետ գործընկերոջը և նրա ուսանողներին և հորդորեց չդադարել ստեղծագործել ու մշտապես ձգտել կատարյալին։

   Խոսքը փոխանցվեց Սամվել Սևադային, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և կազմակերպիչներին, ներկայացրեց իր ուսանողներին և նրանց արվեստը։

   Վերջում Սրբազան Հայրը օրհնագրեր հանձնեց ՄԱԿ-ի ՀՏՎ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանին, գեղանկարիչ-լուսանկարիչ Սամվել Սևադային և նրա ուսանողներին, իսկ Սամվել Սևադան իր Սաղմոսավանքի պատկերով աշխատանքը նվիրեց Սրբ․ Գր․ Նարեկացի եկեղեցուն։

   Ցուցահանդեսը բաց է այցելուների առաջ մինչև հոկտեմբերի 31-ը։

 

ՀՍԻԿ գործավար-գրադարանավար

Մոնիկա Դարբինյան