ՀԱՆՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Շուրջ 150 հասարակական կազմակերպություններ ներառող Հանրային ցանցը մտահոգված ամբողջ երկրում և մայրաքաղաքում ստեղծված ծայրահեղ լարված իրադրության համար և հաշվի առնելով՝

  • ժողովրդական արդարացի, հարաճուն, ահագնացող ընդվզումի չափերը,
  • շարժման խաղաղ բնույթը և այն, որ ցուցարարները որևէ բռնություն չեն գործադրում և անգամ բռնությանը բռնությամբ չեն պատասխանում, 
  • 2018թ. ապրիլի 22-ի առավոտյան ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի և ժողովրդական շարժման առաջնորդ Ն. Փաշինյանի հանդիպման ձախողումը և լարվածության կտրուկ մեծացումը,
  • դրան հաջորդած ԱԺ պատգամավորներ Ն. Փաշինյանի, Ա. Միրզոյանի և Ս. Միքայելյանի ձերբակալումը և դրանով բազմահազարանոց հավաքների՝ իրենց առաջնորդներից զրկումը, ինչը սադրանքների ու անկարգությունների մեծ վտանգ է առաջացրել,

հորդորում է` ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և իրավապահ մարմիններին.

  1. Անհապաղ ազատ արձակել ձերբակալված ԱԺ պատգամավորներին՝ կանխելով բազմահազարանոց ցույցերի անկառավարելիությունն ու դրա հնարավոր հետևանքները, սադրանքներն ու անկարգությունները։
  2. Անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված, ձերբակալված ու կալանավորված ցուցարարներին, երիտասարդներին, ուսանողներին։
  3. Դադարեցնել լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունները։
  4. Որոնել խաղաղ ելքեր երկրում ստեղծված ծանր կացությունից՝ բացառելով որևէ հատուկ միջոցի, այլ բռնությունների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ և քաղաքացիների անվտանգությունը ճանաչել որպես անձեռնմխելի ու գերակա ցանկացած՝ այդ թվում պետական բարձրագույն պաշտոնների ու իշխանության համեմատ։

 

 

Հանրային ցանցի մարդու իրավունքների պաշտպանության      

Հանձնախմբի պատասխանատու  Գ.Մանուկյան 

22.04.2018թ., ք.Երևան